Ճանաչողական պատերազմի լայնորեն կիրառելի մեթոդներից է ճանաչողական աղմուկը։ Այն ստեղծում են տեղեկատվական դաշտը կեղծ ու ճշմարտանման բովանդակությամբ հագեցնելու և այդ տեղեկությունները հուզական ու ոչ գիտական վերլուծություններով լեգիտիմացնելու միջոցով։
Նրանք, ովքեր հանդես են գալիս տարաբնույթ վերլուծություններով ճանաչողական պատերազմի այս մեթոդում՝ կոչվում են «ներգրավման թակարդներ» (engagement traps)։ Զբաղեցնում են լսարանի միտքը անիրատեսական և անարժեք վերլուծություններով, ինչի արդյունքում աննակատ են մնում իրական խնդիրները և սպառվում են դրանց լուծմանն ուղղելիք հասարակության էներգիան և կենտրոնացումը։
Այս մեթոդի դեմ պայքարում հակառակորդի խաղի մեջ մտնելը և «ներգրավման թակարդների» հետ բանավիճելը ռազմավարական մեծ սխալ է, քանի որ նպաստում է՝
1. կեղծ կամ կիսաճշմարիտ տեղեկությունների լեգիտիմացմանը,
2. «ներգրավման թակարդներ» կոչված անձանց հեղինակության բարձրացմանը,
3. քարոզչության գործիք դառնալուն։
Այս մարդիկ չեն հետևում առողջ տրամաբանության և գիտական բանավեճի սկզբունքներին: Նրանց մարտավարությունը սովորաբար ներառում է սխալներ, ագրեսիա, թեմայի փոփոխություն, հուզականություն, իռացիոնալություն, քննարկման անհատականացում, կրկնվող վիրավորանքներ: Նման մթնոլորտում անհնար է հասնել կառուցողականության, քանի որ խաղի կանոններն ի սկզբանե մշակվում են ոչ թե գիտական բանավեճի, այլ հակառակորդի կարծիքն ու վարքագիծը հերքել-ոչնչացնելու նպատակով։
Նման մարդկանց հետ հարկավոր է
Ա- Կիռարել «խելացի անտեսում» ռազմավարությունը
Բոյկոտը և անտեսումը ամենաարդյունավետ լուծումն են, բայց դրանք պետք է լինեն մտածված և ակտիվ, ինչը ենթադրում է
1. անմիջական ներգրավվածության բացառում,
2. նրանց բովանդակությունն անարձագանք թողնելը,
3. ձեր լսարանին այդ բովանդակությունը չներկայացնելը։
Բ- Ամրապնդել հիմնական քննարկումը
Հիմնական քննարկման նյութ պետք է դարձնել իրական, ճշմարտացի և ստուգված բովանդակությունը, ինչի համար հարկավոր է՝
1. ստեղծել փաստարկված և գիտականորեն հիմնավորված բովանդակություն,
2. աշխատել իրական բովանդակության տարածման ուղղությամբ։
Գ- Բարձրացնել հասարակության մեդիագրագիտության մակարդակը
Լավագույն միջոցներից է լսարանի ընդհանուր կրթական մակարդակի վրա ազդեցությունը, որի ուղիղ դրսևորումներից են՝
1. տեղեկության աղբյուրների ճշտումը,
2. տեղեկությունների համադրում-վերլուծումը։
Ճանաչողական աղմուկի թաքնված շերտերն աննկատ, բայց հետևողականորեն ներազդում են թե՝ անհատի, թե՛ հասարակության առողջ տրամաբանելու և վերլուծելու կարողության վրա՝ շեղելով կարևոր իրադարձություններից և իրական տեղեկություններից։ Սա կոչվում է՝ «արձագանքի խցիկ» (Echo Chamber), որը նախատեսված է նախապաշարմունքները սրելու և մարդկանց հիմնական դիսկուրսից հեռու պահելու համար։ Այս կերպ հասարակությունը հեշտորեն մոլորեցվում է և վերջնարդյունքում դառնում ճանանչողական աղմուկ ստեղծողի կամակատար՝ միաժամանակ իրեն զգալով որպես ժողովրդավարության կրող։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ